Ցուկերբերգը ներողություն է խնդրել Cambridge Analytica-ի կողմից 50 մլն օգտատերերի անձնական տվյալների օգտագործման համար

11:07 • 22.03.18

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սոցիալական ցանցը «սխալներ է գործել», որոնց հետանքով Facebook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկատվությունն օգտագործվել է քաղաքական խորհրդատվական ընկերության կողմից, հայտնում է BBC-ն:

Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը մեղադրվում է քաղաքական ոլորտի հաճախորդների համար անօրինական կերպով տեղեկատվությունն օգտագործելու համար:

Իր հայտարարությունում Ցուկերբերգը նշել է, որ տեղի է ունեցել «վստահության չարաշահում»:

CNN-ին տված հարցազրույցում Ցուկերբերգը նշել է, որ նա «շատ է ցավում», և խոստացել է քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ:

Facebook-ում տեղադրված իր հայտարարությունում նա նույնպես խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հավելվածները չկարողանան օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալ:

«Մենք պատասխանատվություն ունենք պաշտպանել ձեր տվյալները, և եթե մենք չենք կարող, ապա մենք արժանի չենք ձեզ ծառայել»,- ասել է Ցուկերբերգը:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ընկերությունը չի հայտնաբերել կապեր բրիտանական Cambridge Analytica ընկերության և Ռուսաստանի միջև:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: 

Անցած շաբաթ Facebook-ն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում՝ մշակել է նաև Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:

Ցուկերբերգը ներողություն է խնդրել Cambridge Analytica-ի կողմից 50 մլն օգտատերերի անձնական տվյալների օգտագործման համար