Հարավաֆրիկացի պրոֆեսորին ծաղրել են Մարսը «հայտնագործելու» համար
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Քեյփթաունի համալսարանի պրոֆեսորներից մեկը հայտնվել է բավական անհարմար դրության մեջ՝ հայտարարելով, որ հայտնագործել է Մարս մոլորակը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, սովորաբար, նման կոնֆուզները լայն տարածում չեն գտնում ու շուտ մոռացվում են, սակայն պրոֆեսոր Փիթեր Դանսբիի դեպքում ամեն ինչ այլ ընթացք է ստացել, քանի որ նա իր «հայտնագործության» մասին հայտարարել է աշխարհի աստղագետների համար ստեղծված մասնագիտական կայքում, որը նախատեսված է ուշագրավ բացահայտումների հայտարարման ու դրանց քննարկման համար:
Դանսբին մարտի 20-ին կայքում հրապարակել է հաղորդագրություն առ այն, որ տիեզերքի համապատասխան հատվածում շատ վառ երկնային օբյեկտ է հայտնաբերել: Այս հրապարակումից 40 րոպե անց նա հրապարակել է մեկ այլ հաղորդագրություն, որում նշել է, որ օբյեկտը, որի մասին ինքը խոսում էր, Մարս մոլորակն է: Պրոֆեսորը ներողություն է խնդրել գործընկերներից սխալի ու անհանգստություն պատճառելու համար:
Ձախողված հայտնագործությունն աննկատ չի մնացել աստղագետների միության կողմից: Նշվում է, որ որոշ մասնագետներ Դանսբիին Twitter-ում շնորհավորել են Մարսի «հայտնագործության» համար:










