Google-ի չինական տարբերակը սկսում է ինքնագնաց մեքենաների փորձարկումը Պեկինի փողոցներում
Չինաստանի Baidu տեխնոլոգիական ընկերությունը, որը հաճախ անվանում են «Google-ի չինական տարբերակ», Պեկինի իշխանություններից թույլտվություն է ստացել քաղաքի տարածքում փորձարկելու իր ինքնագնաց մեքենաները:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, ինքնագնաց մեքենաները կարող են երթևեկել 33 փողոցում, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 105 կմ:
«Կարծում ենք, որ քաղաքային իշխանությունների աջակցությամբ Պեկինը կդառնա ինքնագնաց տրանսպորտային միջոցների արդյունաբերության կենտրոնը», -մեկնաբանել է ընկերության փոխնախագահ Չժաո Չենը:
Անցյալ տարվա սեպտեմբերին Baidu-ն հայտարարել էր ինքնագնաց տրանսպորտային միջոցների զարգացման հիմնադրամի ստեղծման մասին, որի ծավալը կազմում էր 1.5 մլն դոլար:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս որոշումը հաջորդել է ԱՄՆ-ում Uber տաքսի ծառայության ինքնագնաց մեքենայի մասնակցությամբ ողբերգական միջադեպին, որի ժամանակ վրաերթի ենթարկված կինը մահացել էր:










