Էթնա հրաբուխը տեղաշարժվում է Միջերկրական ծովի ուղղությամբ՝ տարեկան 14 մմ արագությամբ. գիտնականներ

21:36 • 25.03.18

Գիտնականները պարզել են, որ Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Իտալիայում գտնվող Էթնան, տեղաշարժվում է Միջերկրական ծովի ուղղությամբ՝ տարեկան 14 մմ արագությամբ:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, բրիտանացի մասնագետների գլխավորած գիտական թիմը պնդում է, որ անհրաժեշտ է հետևել իրավիճակին, քանի որ հետագայում Էթնայի տեղաշարժը կարող է հանգեցնել հրաբուխից եկող սպառնալիքի ահագնացմանը: 

«Դեռևս տագնապի պատճառ չկա, սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել, հատկապես եթե ցանկանում ենք նկատել շարժման արագացումը», - պատմել է հետազոտության հեղինակներից երկրաբան Ջոն Մյուրեյը:

Բրիտանացի գիտնականի խոսքով՝ ինքը շուրջ կես դար է անցկացրել՝ հետևելով եվրոպական գլխավոր հրաբխին: Այդ ընթացքում նա GPS-կայանների ցանց է տեղակայել լեռան շուրջը՝ հետևելու հրաբխի վարքին: Այդ սարքը զգայուն է հրաբխային կոնի ձևի միլիմետրի փոփոխության նկատմամբ:

11 տարում ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ լեռը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք՝ ափամերձ Ջարրե քաղաքի ուղղությամբ, որը հրաբխից գտնվում է 15 կմ հեռավորությամբ:  

Չափումների համաձայն՝ լեռան տեղաշարժը տարեկան կազմում է 14 մմ, այսինքն՝ 1,4 մետր հարյուր տարում:

 

 

Էթնա հրաբուխը տեղաշարժվում է Միջերկրական ծովի ուղղությամբ՝ տարեկան 14 մմ արագությամբ. գիտնականներ