Facebook-ը հավաքում է օգտատերերի բոլոր հեռախոսազանգերի ու SMS հաղորդագրությունների մասին տեղեկությունները
Մինչ աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի օգտատերերն ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին շարունակում են ջնջել իրենց անձնական էջերը, հայտնի է դարձել, որ Facebook-ն օգտատերերի անձնական տվյալները Cambridge Analytica բրիտանական ընկերությանը փոխանցելուց բացի՝ հավաքել է նաև օգտատերերի հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տվյալների ահռելի բազա:
Ինչպես նշում է The Guardian-ը, Facebook-ը հավաքել է օգտատերերի ստացած ու իրականացրած զանգերի ցանկը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները:
Պարբերականը հիշեցնում է, որ սոցկայքը հայտնվել էր քննադատության թիրախում, երբ հայտնի էր դարձել, որ ավելի քան 50 մլն օգտատիրոջ անձնական տվյալներ փոխանցել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությանը՝ այդ մասին տեղյակ չպահելով օգտատերերին:
Սկանդալի ֆոնին օգտատերերը ցանկանում են ջնջել իրենց էջերը, սակայն սոցկայքը դրա փոխարեն առաջարկում է ժամանակավորապես ապաակտիվացնել էջը, որի դեպքում ամբողջ անձնական տվյալները մնում են ընկերության սերվերներին:
Հենց այստեղից էլ օգտատերերը պարզել են, որ ընկերությունն իրենց իմացածից անհամեմատ ավելի մեծ քանակով անձնական տվյալներ է պահում:
Օրինակ՝ օգտատերերից մեկը՝ Դիլան ՄքՔեյը, պատմել է, որ ֆեյսբուքյան արխիվում գտել է 2016-ի հոկտեմբերից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում իր հեռախոսազանգերի ամսաթվի, տևողության, կարճ հաղորդագրությունների ստացման կամ ուղարկման ժամանակի, բովանդակության մասին մանրակրկիտ տեղեկություններ:
Սրան ի պատասխան Facebook-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ տվյալների ավտոմատ ներբեռնման գործառույթն ընտրովի է, ու ցանկության դեպքում օգտատերը կարող է հրաժարվել դրանից:
Նշվում է, որ ֆեյսբուքյան էջը ջնջելու դեպքում նախկինում պահված տեղեկությունների և անձնական տվյալների ամբողջ արխիվն ավտոմատ կերպով կանհետանա:










