ՆԱՍԱ-ի արբանյակները «պարզել» են՝ ինչու է Սոչիում և Եվրոպայում դեղին ձյուն տեղացել
Անցած հանգստյան օրերին Եվրոպայում, Սոչիում և Ռուսաստանի հարավային մասերում տեղացած ձյան անսովոր դեղին ու նարնջագույն երանգները բացատրվում են Սահարայի ավազով, որը տեղումներից քիչ առաջ տարածվել է օդում: Այս տեղեկությունը ստացվել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) արբանյակներից, հաղորդում է LiveScience-ը:
«Դրանում ոչ մի զարմանալի բան չկա. նման բաներ տեղի են ունեցել նաև ավելի վաղ, այդ թվում՝ 2007 թվականին Սիբիրում: Այս անգամ Եվրոպայի մթնոլորտում մեծ քանակությամբ փոշի է եղել, որն օդի մեջ է ընկել Սահարայից ու Հյուսիսային Աֆրիկայի մյուս հատվածներից: Երբ ձյուն կամ անձրև է տեղում, ներքև է «քաշվում» այն ամենը, ինչ առկա է մթնոլորտում, այդ թվում՝ ավազը», - ասել է Բրիտանական օդերևութաբանական կազմակերպության կլիմայաբան Սթիվեն Քիթսը:
«Այդ պահին ՆԱՍԱ-ի արբանյակների միջոցով արված պատկերները վկայում են, որ փոշու և ավազի խոշոր կուտակումները պտտվել են Միջերկրական ծովի ջրային տարածքի վրայով՝ անմիջապես ձյան տեսքով տեղումներից առաջ: Նման բան տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Մեծ Բրիտանիայում, երբ «Օֆելիա» փոթորիկը դեպի Եվրոպայի հյուսիս է քշել Սահարայի ավազները և կարմիր ներկել ձյունը», - հավելել է գիտնականը:
Գիտնականների կարծիքով՝ քամիների ուժգնացումն Աֆրիկայում և փոշու արագացված տեղափոխությունը կարող է կապված լինել գլոբալ տաքացման և այն բանի հետ, թե ինչպես է օդի ջերմաստիճանի փոփոխությունն ազդում քամիների շարժման բնույթի և ուժգնության վրա:
Հիշեցնենք, որ օրերս ուկրաինական Օդեսայի մարզի հարավում՝ Իզմաիլ քաղաքում, դեղնավուն գույնի ձյուն է տեղացել։










