Uber-ին ժամանակավորապես արգելել են Արիզոնայում ինքնակառավարվող ավտոմեքենաներ փորձարկել
Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին երկուշաբթի ժամանակավորապես արգելել է ամերիկյան Uber ընկերությանն ինքնակառավարվող ավտոմեքենաների փորձարկումներ անցկացնել այդ նահանգի տարածքում՝ Տեմպե քաղաքում կնոջ մահվան պատճառ դարձած ավտովթարից հետո, հայտնում է CNN-ը:
Դյուսին համապատասխան նամակն ուղարկել է Uber-ի ղեկավարությանը, այն նաև հրապարակվել է նահանգապետի կայքում:
«Հանրային անվտանգության ապահովման ոլորտում դրության բարելավումը միշտ եղել է ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների փորձարկման վերաբերյալ Արիզոնայի մոտեցման հիմնական դրույթը: Ես կարծում եմ, որ այդ սկզբունքը մնում է գլխավոր առաջնահերթությունը բոլորի համար, ովքեր նման տեխնոլոգիաներ են կիրառում Արիզոնայի նահանգում»,- նշել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Volvo մակնիշի ինքնակառավարվող ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 49-ամյա Էլեյն Հերցբերգին: Ոստիկանությունը, ուսումնասիրելով տեսաձայնագրությունները, պարզել է, որ կինը հայտնվել է տրանսպորտային միջոցի առաջ անսպասելի կերպով և այդ միջադեպից խուսափել հնարավոր չի եղել:










