«Դոկտոր Վեբ»-ը ներկառուցված վիրուսներ է հայտնաբերել Android-ով աշխատող սմարթֆոնների 45 մոդելներում

16:32 • 29.03.18

«Դոկտոր Վեբ» հակավիրուսային լաբորատորիայի մասնագետներն արտադրության փուլում ներկառուցված վիրուսներ են հայտնաբերել սմարթֆոնների 45 մոդելներում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Շարովը:

«Օգտատերերը տեղեկացրել են մեզ այն մասին, որ մեր հակավիրուսը վնասակար ծրագրային ապահովում է հայտնաբերել իրենց հեռախոսում: Վերլուծություն անցկացնելուց հետո մենք հասկացանք, որ այն (վնասակար ծրագրային ապահովումը) գտնվում է համակարգային մասում, որտեղ չի կարող ոչ մի վիրուս ներթափանցել դրսից, այլ կարող է միայն ներկառուցված լինել արտադրության փուլում»,- ասել է նա:


Շարովը նշել է, որ իրենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն են անցկացրել և արտադրության փուլում ներկառուցված վնասակար ծրագրային ապահովում հայտնաբերել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 45 մոդելներում:


«Դրանք Leagoo, Zopo Speed 7 Plus, UHANS A101, Doogee, Umi London, Tesla SP6.2, Haier T51, Cherry Mobile Flare և մի քանի այլ սմարթֆոնների մոդելներ են: Դրանք տարբեր արտադրողների հեռախոսներ են, որոնք շատ հայտնի չեն մեզանում, սակայն տարածված են աշխարհում»,- պատմել է Շարովը հարցազրույցի ժամանակ:

Ընկերության տվյալների համաձայն՝ դրա արդյունքում աշխարհում կարող է տուժել այս հեռախոսների մի քանի հարյուր հազարավոր օգտատեր:

Շարովը նաև նշել է, որ այս վնասակար ծրագրային ապահովումը տվյալներ է ուղարկել հեռախոսներից տարբեր սերվերների:

«Դոկտոր Վեբ»-ը ներկառուցված վիրուսներ է հայտնաբերել Android-ով աշխատող սմարթֆոնների 45 մոդելներում