Apple-ը պատրաստվում է հրաժարվել Intel-ի պրոցեսորներից. Bloomberg
Ամերիկյան Apple ընկերությունը ցանկանում է հրաժարվել Intel ընկերության պրոցեսորներից և 2020 թվականից իր Mac համակարգիչներում օգտագործել սեփական արտադրության չիպեր: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրների:
Գործակալության տեղեկություններով՝ Kalamata անվանումը ստացած այդ նախագիծը դեռ նախապատրաստական վաղ փուլում է, բայց արդեն հավանության է արժանացել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների կողմից: Նշվում է, որ ապագայում ընկերությունը պատրաստվում է օգտագործել սեփական չիպերը բոլոր սարքերում, որպեսզի դրանք կարողանան հեշտությամբ փոխգործակցել միմյանց հետ: Այժմ Apple-ի արտադրած պրոցեսորներով են աշխատում iPhone-ը, iPad-ը, Apple Watch-ը և Apple TV-ն:
Bloomberg-ն ընդգծում է, որ չիպերից Apple-ի հրաժարվելը հարված կլինի Intel-ի համար, որի համար այդ մատակարարումներն ապահովում են տարեկան եկամտի մոտ 5 տոկոսը:










