«Լուսավոր Հայաստան»-ՀՀԿ թեժ բանավեճ Էդմոն Մարուքյանի հոդվածի շուրջ

22:31 • 03.04.18

«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հակադարձել են ՀՀԿ պատգամավորներ Միհրան Հակոբյանին և Արման Սաղաթելյանին` շեշտելով, թե Միհրան Հակոբյանը և մյուսները կարող են շարունակել ցանկալին ներկայացնել որպես իրականություն և ամեն ինչ գնահատել այդ կեղծ իրականության դիրքերից, ինչը քաղաքական անմեղսունակության հաստատում է: Ըստ նրանց՝ ՀՀԿ-ի կենացային բարեփոխումներն ընդամենը շղարշ են՝ կոծկելու համար սեփական քաղաքական սնանկությունը: Գրառումներին հաջորդել են ՀՀԿ-ականների փոխադարձ պատասխան-մեկնաբանությունները: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էին Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նշելով, թե հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է և փորձ է սահմանադրական հեղաշրջման:  

Հիշեցնենք նաև, որ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում ներկայացրել էր առաջարկներ,  ըստ որի՝ իրենք պետք է ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ:

Մանե Թանդիլյանը՝ ի գիտություն Միհրան Հակոբյանին, ով Սահմանադրությանը հղում է կատարել և նշել, որ  խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության հակակշիռն ու այլընտրանքն է, մասնավորապես, գրել է.

«Սակայն նա (Միհրան Հակոբյանը) մոռանում է արձանագրել, որ դե յուրե ամրագրված իրավական դրույթները փաստացի շրջանցվել ու սահմանափակվել են քաղաքական որոշման արդյունքում: Ավելին, առանձին օրենքների մակարդակում Սահմանադրության մի շարք դրույթներ ըստ էության չեզոքացվում են: Էդմոն Մարուքյանի հոդվածում մանրամասնորեն նշվում են վերջիններս՝ որպես Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վառ ապացույցներ:

Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները պետք է տիրապետեն և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանությանը վերահսկող մեխանիզմներ: ՀՀԿ-ի կենացային բարեփոխումները ընդամենը շղարշ են՝ կոծկելու համար սեփական քաղաքական սնանկությունը, որը ավելի ու ավելի է հանգեցնում քաղաքական մոնոպոլիայի հաստատմանը:

Միհրան Հակոբյանը և մյուսները կարող են շարունակել ցանկալին ներկայացնել որպես իրականություն և ամեն ինչ գնահատել այդ կեղծ իրականության դիրքերից, բայց դա անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար, քանի որ դա արդեն ոչ թե խելագարության կանխավարկած է, այլ քաղաքական անմեղսունակության հաստատում»:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը, Էդմոն Մարուքյանի հոդվածին անդրադառնալով, նշել էր, թե «Մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու»: Ըստ նրա՝ Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է: 

Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը մեկնաբանել է նաև Միհրան Հակոբյանը, ով նշել է, թե ինչպես հասկացել է, իրավագիտական ու քաղաքագիտական լիկբեզի անհրաժեշտությունը քանի գնում, այնքան ակնհայտ է դառնում:  

Նա մասնավորապես գրել է. «Ազգային Ժողովում քվեարկված օրենքների բովանդակությունը կասկածի տակ առնելն ու սահմանադրականությունը՝ թե ձևի, և թե բովանդակության համատեքստում, մամուլով վիճարկելն առնվազն տարօրինակ է: Ավաղ, մեր ընդդիմադիր գործընկերներն այդպես էլ չսովորեցին սեփական քաղաքական, առավել ևս՝ քաղաքագիտական սնանկությունն ու փակուղիներում հայտնվելու մեղքը փնտրել իրենց գործունեության իրավաքաղաքական տրամաբանության տիրույթում: Հերթական անգամ ստիպված եմ կրկնելու, որ մերկապարանոց բնույթ ունեն բոլոր այն հայտարարությունները, թե Հայաստանում ժողովրդավարության հետընթաց կա: Խորհրդարանական կառավարման մոդելը դասվում է մարդկությանը հայտնի ամենաժողովրդավարական կառավարման համակարգերի շարքին, և դրա գնահատականը մենք չէ, որ տվել ենք: Դրա գնահատականը տվել են Վենետիկի հանձնաժողովը(փորձագիտական եզրակացության տեսքով) և սահմանադրական իրավունքի դասագրքերը(գիտական տեսանկյունից), իսկ օրենքները, որ տակավին վերջերս քվեարկվել են Ազգային Ժողովում, որևէ հակասության մեջ չեն մտնում Սահմանադրության հետ: Իսկ հարցը, թե ինչու՞ ընդդիմությունը դե ֆակտո և դե յուրե տիրույթներում չի բավարարվում վերահսկողության սահմանադրական մեխանիզմներով, շարունակում է մնալ խելագարության կանխավարկածով խնդիրներին մոտենալու հարթությունում: Հուսով եմ, Լուսավոր Հայաստանի մեր գործընկերներն այս հարթությունից օր առաջ դուրս կգան»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս անդրադարձել է Սաղաթելյանի անդրադարձին և մասնավորապես նշել. «Արման Սաղաթելյանն ասում է, թե Էդմոն Մարուքյանի հոդվածը սահմանադրության վերախմբագրման փորձ է: Իրականում ճիշտ հակառակն է՝ Հանրապետական մեծամասնությունը ամիսներ շարունակ Ազգային Ժողովում մի շարք օրենքների մակարդակում վերախմբագրում է սահմանադրությունը՝ արտաքուստ պառլամենտական համակարգը վերածելով սուպերվարչապետական անվերահսկելի մեքենայի: Նսեմացվում է նախագահի ինստիտուտը, պառլամենտը վերածվում է անատամ կառույցի, չեն ստեղծվում իրականում գործող զսպումների և հակակշիռների մեխանիզմներ: Սա ակնհայտ իրողություն է, այնքան ակնհայտ, որ նույնիսկ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը կարող է հասկանալ և բացատրել պարոն Սաղաթելյանին: Բայց պառլամենտը ուրախների և հնարամիտների ակումբ չէ և պարոն Սաղաթելյանը պետք է ավելի մեծ ջանք գործադրի՝ բարձրացնելու քաղաքականության և քաղաքագիտության մասին իր ունեցած գիտելիքների նշաձողը»: 

Գորգիսյանի գրառմանն էլ մեկնաբանություն է թողել Սաղաթելյանը՝ հեգնելով, թե «դպրոցից պրծանք մանկապարտեզ ընկանք»:

Նա մասնավորապես գրել է. «Սահմանադրական իրավունքի երկու դասագիրք կարդալը օրվա հրամայական է դառնում, կամ գոնե հարցնելը, թե չէ պառլամենտական ու սուպեր վարչապետական համակարգերը իրար չխառնելը կմնա երազանք: Ու տենց էլ չի իմացվի, որ դրանք իրար համադրելի չեն, որովհետև վարչապետի լայն լիազորությունները պառլամենտական կառավարման ձևի տարատեսակ է, ոչ թե պառլամենտականին հակադրվող կամ դա բացառող որևէ համակարգ: 
Հա մեկ էլ զսպումների ու հակակշիռների մասով ասեմ, որ պառլամենտական կառավարման ձևի պարագայում ոչ թե պառլամենտն է կառավարությանը հակակշռում, այլ պառլամենտական փոքրամասնությունը: Կարդալը կամ հարցնելը միշտ լավ է:

Մեկ էլ էն ասեմ, որ ուրախների ու հնարամիտների ակումբը ուրախ ու հնարամիտ մարդկանց համար է, որտեղ չկան տխուր ու անճար բաներ մտածողներ ու գրողներ»:

Հիշեցնենք, որ Արման Սաղաթելյանը նշել էր, որ եթե հոդվածի տակ չլիներ Էդմոն Մարուքյանի անունը, կմտածեր, որ հեղինակը իրավագիտությունից և քաղաքագիտությունից 1000 կմ հեռու է: Ըստ նրա` այն, ինչ ասում է Էդմոն Մարուքյանը, Սահմանադրության վերախմբագրում է կամ՝սահմանադրական հեղաշրջման փորձ է: