Եթե հոդվածի տակ չլիներ Էդմոն Մարուքյանի անունը, կմտածեի, որ հեղինակը իրավագիտությունից և քաղաքագիտությունից 1000 կմ հեռու է. Ա. Սաղաթելյան

15:44 • 03.04.18

Այն, ինչ ասում է Էդմոն Մարուքյանը, Սահմանադրության վերախմբագրում է կամ՝սահմանադրական հեղաշրջման փորձ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի հոդվածում հնչեցված մի շարք գնահատականներին ու առաջարկներին։

- Պարո՛ն Սաղաթելյան, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «Առավոտ» օրաթերթում տպագրված իր հոդվածում կարծիք է հայտնում, որ իրենք այս փուլում պիտի ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ ու իրավունքներ։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այս հեռանկարը։

- Եթե հոդվածը ստորագրված չլիներ Էդմոն Մարուքյան, կամ ինչ-որ կերպ թաքցվեր հեղինակի անունը, ես կմտածեի, որ հեղինակը իրավագիտությունից ու ոչ միայն իրավագիտությունից, այլ նաև քաղաքագիտությունից 1000 կիլոմետր հեռու կանգնած մի մարդ է: Այլ կերպ հոդվածում արված դիտարկումները դժվար է ընկալել: Իրականում, ինչ որ ասում է Մարուքյանը, Սահմանադրության վերախմբագրում է կամ սահմանադրական հեղաշրջման փորձ: Նա ոչ միայն հեռու է գնում Սահմանադրության տառից, այլև՝ ոգուց ու էությունից: Ի՞նչ է ասում Մարուքյանը. ասում է՝ մենք քիչ ձայն ենք ստացել, այդքանով չենք կարողանում արդյունավետ վերահսկողություն իրականացնել, և թքած, թե ինչ է գրված Սահմանադրությունում կամ որքան ձայն ենք մենք ստացել, եկեք այսպես անենք:

Իմ գործընկերն անգամ քաղաքական իշխանությունը չի տարբերում ոչ քաղաքական իշխանությունից, չի ընկալում ապաքաղաքական իշխանության բովանդակությունը: Ապագա ՍԴ դատավորի քվոտան տալ ընդդիմությանը... հարց է առաջանում՝ Սահմանադրություն կարդացե՞լ եք, տեղյա՞կ եք, որ այդ լիազորությունն այս պարագայում Հանրապետության նախագահինն է, իսկ հաջորդ թափուրի պարագայում՝ Դատավորների ընդհանուր ժողովինը: Ենթադրենք՝ քաղաքական մեծամասնությունը համաձայնեց, ի՞նչ եք առաջարկում՝ ճնշենք նախագահի՞ն, թե դատավորներին: Ենթադրենք ՍԴ անդամներից մեկը ձերը եղավ, հետո ի՞նչ՝ ընդդիմությո՞ւն եք խաղալու, ու անկախ ամեն ինչից, ինչպես ԱԺ-ում եք քվեարկում, Ձեր ՍԴ անդամն էլ ՍԴ-ո՞ւմ է այդպես քվեարկելու։ Այդպիսի՞ երկիր եք պատկերացնում: Շատ են սիրում ասել՝ «համաշխարհային փորձ», թող մի օրինակ բերեն, որ ԿԲ-ի խորհրդի անդամին ընդդիմությունը նշանակի: Մարուքյանը կարող էր ավելի հեռուն գնալ ու ասել՝ «եկեք Հանրապետականի 20 պատգամավորի մեզ տվեք, չէ՞ որ մենք քիչ ենք»։

-Նույն հոդվածում Մարուքյանը նշում է, որ Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ մեր երկրում կան քաղբանտարկյալներ։ Նա նշում է, որ կիսում է այդ կարծիքը և գտնում է, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի: Այս առումո՞վ ինչ կասեք:

- Քաղաքական բանտարկյալների հետ կապված Մարուքյանի առաջարկը ցնցող է, կարելի է հետևություն անել, որ եթե դու «քաղաքական գործիչ» ես, ուրեմն կարող ես անել այն, ինչ ուզում ես և քեզ պետք է ազատ արձակել, կապ չունի՝ մա՞րդ ես սպանել, բռնաբարել, թե ինչ: Այսպե՞ս եք կառավարելու, սրա՞նք են Ձեր կառավարման մեթոդները: Ի դեպ, Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները մի քանի օր առաջ էին, բա Էդմոնը ո՞ւր էր, որ թեկնածու չէր առաջադրել: Չէր առաջադրել, բայց իր կուսակցության անդամը, համակիրը դարձավ ԲԴԽ անդամ. մեծամասնությունը ցույց տվեց, որ կուսակցական պատկանելությունն իր համար կապ չունի: Հորդորս է՝ եթե ունեք նման կադրեր, հրապարակեք, տեսնենք, թե հասարակության քանի՞ տոկոսն է դրանց ճանաչում: Իսկ գուցե Էդմոնն ասի, օրինակ, որ եթե ինքը լինի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ի՞նչ է անելու, որ Գևորգ Կոստանյանը չի անում: Իսկ մնացածը քաղաքական ավանտյուրա է, ուրիշ ոչինչ: