Cambridge Analytica-ն կարող է ստացած լինել Facebook-ի 87 միլիոն օգտատիրոջ տվյալ. ընկերությունը հերքում է
Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը հնարավոր է՝ սխալմամբ Facebook-ի մոտ 87 միլիոն օգտատիրոջ տվյալների հասանելիություն է ստացել՝ 37 միլիոնով ավելի, քան հաղորդվել է ավելի վաղ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Facebook ընկերությանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալների արտահոսքն անդրադարձել է 50 միլիոն օգտատիրոջ վրա:
Այդ թիվը ներկայացրել է Facebook ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Մայք Շրոփֆերը, որը բլոգային հրապարակման մեջ հայտնել է նաև փոփոխությունների մասին, որ ընկերությունը նախաձեռնում է օգտատերերի տեղեկատվության առավել հուսալի պաշտպանության համար:
Ինչպես հայտնում է TechCrunch-ը, Cambridge Analytica ընկերությունն ի պատասխան սոցիալական ցանցի հայտարարության, որ բրիտանական ընկերությանը սխալմամբ կարող է փոխանցված լինել 87 միլիոն մարդու տվյալ, հայտարարել է, որ չէր կարող ստանալ այդքան օգտատիրոջ տվյալներ, քանի որ, պայմանագրի համաձայն, իրավունք ուներ ստանալու ամենաշատը 30 միլիոն մարդու տվյալ:
Facebook-ի տեղեկություններով՝ հաճախորդների մեծ մասը, որոնց տվյալներն անօրինական կերպով փոխանցվել են երրորդ ընկերությանը, ԱՄՆ-ի բնակիչներ են:
«Cambridge Analytica-ն ուներ GSR-ից (Global Science Research ընկերությունը, որը հավաքել է Facebook-ի օգտատերերի տվյալները) ամենաշատը 30 միլիոն մարդու տվյալների արտոնագիր, ինչպես դա հստակ նշված է հետազոտական ընկերության հետ մեր պայմանագրում: Մենք չենք ստացել ավելի շատ տվյալ, քան նշվում է»,- ասված է բրիտանական ընկերության հաղորդագրությունում:
Cambridge Analytica-ն նաև հերքում է GSR-ից ստացած տվյալները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված աշխատանքում օգտագործելը:
«GSR-ի հետ մեր պայմանագրի համաձայն՝ բոլոր տվյալները պետք է ստացվեն օրինական ճանապարհով… Մենք դատի ենք տվել GSR-ին, երբ իմացանք, որ նրանք խախտել են պայմանագրի պայմանները»,- ընդգծել է բրիտանական ընկերությունը:
Երբ Facebook-ը հայտնել է ընկերությանը, որ սխալմամբ տվյալներ են ստացվել, Cambridge Analytica-ն անմիջապես հեռացրել է չմշակված տվյալները սերվերից: Բացի այդ, սոցիալական ցանցի դիմումի համաձայն՝ իրականացվել է ներքին աուդիտ՝ պահուստային կրկնօրինակների պահպանումը բացառելու համար:










