Մոսկվայի կենտրոնում 16-17-րդ դարերի տապանաքարեր են հայտնաբերվել
Հնագետները 16-17-րդ դարերի սպիտակավուն տապանաքարեր են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում՝ Մալի Զլատոուստինսկի նրբանցքում, որտեղ մինչև 20-րդ դարի սկիզբ տեղակայված էր Ոսկեբերանի վանքը: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ արտեֆակտները հայտնաբերվել են խոր փոսում՝ 1.3 մետր խորության վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Տապանաքարերից բացի՝ հնագետները գտել են 18-րդ դարի սպիտակ կավից պատրաստված անոթի բեկոր և 17-րդ դարի թեյնիկ:
Մշակութային ժառանգության մայրաքաղաքային վարչության պետ Ալեքսեյ Եմելյանովը չի բացառել, որ հայտնաբերված արտեֆակտներից բաց երկնքի տակ ցուցահանդես կանցկացվի:
Նշվում է, որ Ոսկեբերանի վանքն առաջին անգամ հիշատակվել է 1412 թվականին: 1933 թվականին բոլոր եկեղեցական կառույցները քանդվել են, և դրանց տեղում բնակելի շենքեր են հայտնվել:
Այժմ վանքի ամբողջ ճարտարապետական անսամբլից միայն երկհարկանի կորպուս է մնացել, որը տեղակայված է Մալի Զլատոուստինսկի նրբանցք, տուն 5 հասցեում:










