Արհեստական ինտելեկտը կարող է վերածվել անմահ բռնապետի. Իլոն Մասկ

15:30 • 07.04.18

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը կրկին իր մտավախություններն է հայտնել արհեստական ինտելեկտի (ԱԻ) ստեղծման առնչությամբ:

Ինչպես նշում է Mashable-ը, Մասկը չի բացառել, որ ԱԻ-ն կարող է վերածվել «անմահ բռնապետի, որից ոչ ոք չի կարող փախչել»:

Քրիս Փայնի՝ «Վստահո՞ւմ ես այս համակարգչին» վավերագրական ֆիլմում Մասկը լուրջ մտավախություն է հայտնել այն առումով, որ գերհզոր ու առաջադեմ տեխնոլոգիան կարող է օգնել բռնատիրական ռեժիմների հաստատման հարցում և, ի տարբերություն մարդ բռնապետերի, կարող է հարատև լինել ու մարդկանց բռնաճնշումների ենթա8կելու մշտական համակարգ ստեղծել:

Այս համատեքստում միլիարդատերը հիշեցրել է բռնապետեր Բենիտո Մուսոլինիին ու Ադոլֆ Հիտլերին, որոնք, ի տարբերություն ԱԻ-ի, ծնվել են, ապրել ու ի վերջո մահացել:

«Սա շատ կարևոր հարց է: ԱԻ-ն մեր կյանքի վրա ազդելու է այնպիսի միջոցներով, որ մենք չենք էլ կարող պատկերացնել»,-ասել է Մասկը:

Ավելի վաղ միլիարդատերը նախազգուշացրել էր, որ ԱԻ-ի պատճառով կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը: Նա ընդգծել էր, որ ԱԻ-ն ժամանակակից քաղաքակրթության համար մեծագույն ռիսկ է, որն անպայման պետք է խիստ վերահսկողության տակ պահվի:

 

 

Արհեստական ինտելեկտը կարող է վերածվել անմահ բռնապետի. Իլոն Մասկ