Ցուկերբերգը պատմել է պաշտպանությանն ուղղված Facebook-ի նոր քայլերի մասին
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում հայտնել է նոր քայլերի մասին, որոնք սոցիալական ցանցի ղեկավարությունը պատրաստվում է սահմանել՝ «դրական դիսկուրսի ստեղծման» և երկրներում ընտրություններին հնարավոր միջամտությունը կանխելու նպատակով:
«Նախևառաջ, այսօրվանից յուրաքանչյուր գովազդատու, որը ցանկանում է գովազդ տեղադրել քաղաքական կամ հանրային նշանակությամբ թեմաներով, պետք է հաստատի իր ինքնությունը»,- գրել է Ցուկերբերգը:
Ստուգում անցնելուց հրաժարվողները չեն կարողանա նման թեմաներով գովազդ տեղադրել: Բացի այդ, գովազդատուները ստիպված կլինեն գումարի աղբյուրի մասին տեղեկատվություն ցուցադրել:
«Երկրորդ հերթին, մենք նաև կխնդրենք հայտնի էջերի սեփականատերերին ստուգում անցնել»,- հավելել է նա:
Facebook-ի ղեկավարի խոսքով՝ այդ քայլերը թույլ կտան կանխել կեղծ հաշիվներով էջեր կառավարելը, ինչպես նաև՝ ապատեղեկատվություն տարածելը:










