Facebook-ն օգտատերերի Messenger-ից ջնջում է Ցուկերբերգի ուղարկած հաղորդագրությունները

14:50 • 07.04.18

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի օգտատերերը հնարավորություն չունեն ջնջելու այն հաղորդագրությունները, որոնք Messenger-ի միջոցով ուղարկել են ինչ-որ մեկին: Եթե նրանք ջնջեն, ապա հաղորդագրությունն այլևս չի երևա միայն իրենց մոտ, իսկ այն ստացած մարդը, միևնույն է, հաղորդագրությունը կտեսնի:

Սակայն, ինչպես հաղորդում է TechCrunch-ը, սոցկայքը բացառություն է անում հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգի ու ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող այլ մարդկանց համար՝ ջնջելով օգտատերերի հետ նրանց նամակագրությունը:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք օգտատերեր, որոնք նախկինում հաղորդագրություններ են ստացել Ցուկերբերգից, պնդում են, որ դրանք այլևս չկան: Հատկանշական է, որ իրենց ուղարկած պատասխանները չեն ջնջվել, պահպանվել են: Այժմ այդ հաղորդագրությունները կարդալով՝ այնպիսի տպավորություն է, որ Ցուկերբերգի զրուցակիցները շփվել են իրենք իրենց հետ: Միևնույն ժամանակ, այդ զրուցակիցների էլեկտրոնային փոստում պահպանվել են Ցուկերբերգից հաղորդագրություն ստանալու վերաբերյալ ծանուցումները:

Երբ TechCrunch-ը Facebook-ից հետաքրքրվել է, թե ինչու է դա արվում, ընկերությունից նշել են, որ նպատակն անվտանգության ապահովումն է:

«Երբ 2014թ. Sony Pictures ընկերության էլեկտրոնային փոստը ենթարկվեց հաքերային հարձակման, մենք մի շարք փոփոխություններ արեցինք՝ մեր ղեկավարների հաղորդակցային կապն ավելի պաշտպանված դարձնելու համար»,-հայտնել են ընկերությունից՝ հավելելով, որ Ցուկերբերգի ուղարկած հաղորդագրությունները ջնջելու հնարավորությունն օգտագործվել է տվյալ նպատակով:

Հիշեցնենք, որ վերջերս Facebook-ը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ ընկերությունը 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից առաջ ավելի քան 50 մլն ֆեյսբուքյան օգտատիրոջ անձնական տվյալներ փոխանցել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ համագործակցող բիտանական Cambridge Analytica ընկերությանը: Բացի այդ, պարզվել է, որ Facebook-ը տարիներ շարունակ հավաքել է օգտատերերի զանգերի ու ստացած նամակների մասին տեղեկությունները:

Դրանից հետո Ցուկերբերգը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել՝ պարտավորվելով հետայսու ավելի խիստ մոտեցում ցուցաբերել օգտատերերի անձնական տվյալների պահպանմանը:

Facebook-ն օգտատերերի Messenger-ից ջնջում է Ցուկերբերգի ուղարկած հաղորդագրությունները