Pininfarina-ն կներկայացնի մեկ լիցքավորմամբ 1000 կմ տարածություն անցնող էլեկտրամեքենան

20:52 • 10.04.18

Իտալական Pininfarina դիզայներական ընկերությունը Պեկինի ավտոսրահում երկու նոր կոնցեպտային մեքենա կներկայացնի, որոնք մշակվել են Hybrid Kinetic Group հոնկոնգյան ընկերության հետ համատեղ:

Ինչպես գրում է Motor.ru-ն, նորույթներից մեկը կլինի H500 էլեկտրական սեդանը, որի լուսանկարն ընկերությունը հրապարակել է իր թվիթերյան էջում: Մեքենայի մասին հավելյալ տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Ենթադրվում է, որ տեխնիկական առումով, այն նման կլինի Pininfarina-ի նախորդ կոնցեպտային մոդելներին, մասնավորապես հիբրիդային ուժային համակարգի առումով: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա մինչև 1000 կմ տարածություն անցնել:

Մեքենայի ինտերիերի ուրվագծում պարզ երևում է, որ էլեկտրամեքենան կհամալրվի թվային կառավարման վահանակով:

Pininfarina և Hybrid Kinetic Group ընկերություններ համագործակցությունն սկսվել է 2017 թվականին՝ H600 էլեկտրական սեդանի թողարկմամբ:

 

 

 

 

Pininfarina-ն կներկայացնի մեկ լիցքավորմամբ 1000 կմ տարածություն անցնող էլեկտրամեքենան