ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց է կառուցում. այն կարձակվի 2020թ.

17:15 • 11.04.18

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, սկսել է Մարս մոլորակի հետազոտման համար նախատեսված նոր շարժական սարքի՝ մարսագնացի կառուցման աշխատանքները, հայտնում է space.com-ը:

Կառուցման աշխատանքներն ընթանում են Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա մարսագնացը դեպի «Կարմիր մոլորակ» կարձակվի 2020թ. հուլիսին՝ Atlas V 541 հրթիռակրի միջոցով:

Սարքը կունենա տեղաշարժման համար նախատեսված 6 անիվ, ինչպես նաև հատուկ գործիք, որը կկարողանա թթվածին ստանալ Մարսի բարակ, ածխածնի երկօքսիդով հարուստ մթնոլորտից:

Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայում «Կարմիր մոլորակի» վրա կա 2 մարսագնաց, որոնցից վերջինը՝ Curiosity-ն, վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսին: Իրենցից շարժական լաբորատորիա ներկայացնող մարսագնացների նպատակը հեռավոր մոլորակի վրա կյանքի գոյության նշանների հայտնաբերումն է:

ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց է կառուցում. այն կարձակվի 2020թ.