Ավելի քան 5 ժամ. Ցուկերբերգը միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների փոխանցման սկանդալի գործով ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգն ապրիլի 10-ին առաջին անգամ ցուցմունք է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում, ինչն արվել է մոտ 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու շուրջ սկանդալի ֆոնին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ցուկերբերգը ցուցմունք է տվել Սենատի իրավական ու առևտրային հարցերով հանձնաժողովների առաջ:
Հայտնի է, որ լսումները տևել են ավելի քան 5 ժամ: Այդ ընթացքում երիտասարդ միլիարդատիրոջն իրենց անհանգստացնող հարցերը հղելու համար նախապատրաստված օրենսդիրների հերթեր են գոյացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ցուկերբերգն իր ելույթը սկսել է ներողությամբ՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա:
Նա ընդգծել է, որ այս սկանդալը կարելի է փակված համարել, քանի որ Cambridge Analytica-ն իրենց հայտնել է, որ փոխանցված տվյալները չեն օգտագործվել ու ջնջվել են:
«Մենք թարմացրել ենք մեր քաղաքականությունը՝ համոզվելու համար, որ մենք նույն սխալը թույլ չենք տա: Եթե ստուգումների արդյունքում պարզենք, որ ինչ-որ անձինք օգտատերերի տվյալները ոչ պատշաճ ձևերով են օգտագործել, մենք նրանց կարգելափակենք Facebook-ում ու կտեղեկացնենք բոլոր տուժածներին»,-վստահեցրել է Ցուկերբերգը:
Նրան ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի՝ Facebook-ի միջոցով հավանական միջամտությանը:
Facebook-ի ղեկավարը խոստովանել է, որ ամենաշատը ցավում է ոչ թե օգտատերերի տվյալների արտահոսքի, այլ սոցկայքի հարթակում ռուսական միջամտությանը դանդաղ արձագանքելու համար:
«Սա սպառազինության մրցավազք է, և քանի դեռ Ռուսաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են միջամտել այլ երկրների ընտրություններին, այս մրցավազքը շարունակվելու է»,-ասել է Ցուկերբերգը:
Նա հավելել է, որ Facebook-ն այժմ համագործակցում է ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի ենթադրյալ միջամտության հարցի հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակի հետ, սակայն այս թեմայի շուրջ որևէ բացահայտում անել չի կարող, քանի որ տեղեկությունը խիստ գաղտնի է:
Իր խոսքում Facebook-ի ղեկավարը նաև վստահեցրել է, որ ընկերությունն օգտատերերի անձնական տվյալները չի վաճառում գովազդատուներին:
Պատասխանելով հարցերին առ այն, թե օգտատերերն ինչպես կարող են ապահովել իրենց տվյալների անվտանգությունը՝ Ցուկերբերգն ասել է. «Դրա համար ձեզ տրված են բոլոր գործիքները»:
Նա խոստացել է, որ ֆեյսբուքյան էջը ջնջելու դեպքում, օգտատիրոջ բոլոր տվյալները կջնջվեն նաև արխիվից:












