Մոսկովյան դատարանը վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Դատավորը թույլ է տվել անհապաղ սկսել արգելափակումը՝ մինչ որոշման օրինական ուժի մեջ մտնելը, հաղորդում է meduza.io-ն:
Ապրիլի 13-ի նիստին Telegram-ի ներկայացուցիչները ներկա չեն եղել, քանի որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է փաստաբաններին մասնակցել «բացահայտ զավեշտին»: Այնուամենայնիվ, փաստաբանները դատարան միջնորդություն են ուղարկել՝ խնդրելով տեղափոխել նիստը, սակայն այն մերժվել է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը խնդրել է Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանին անմիջապես արգելափակել Telegram-ը՝ կարգավորիչի հայցի բավարարման դեպքում:
«Տվյալ դատական գործը կապված է տեղեկատվության տարածման հետ, և քանի որ Telegram-ը չի տրամադրում հաղորդագրությունների ապակոդավորման բանալիները, մենք միջնորդում ենք անհապաղ իրականացնել դատական որոշումը հայցի բավարարման դեպքում»,- ասել է ծառայության ներկայացուցիչը:










