Ցուկերբերգը խոստովանել է, որ իր ֆեյսբուքյան տվյալները նույնպես հայտնվել են Cambridge Analytica-ի մոտ

14:03 • 13.04.18

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության մոտ հայտնված ավելի քան 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալների մեջ են եղել նաև իր տվյալները:

Ինչպես նշում է The Verge-ը, միլիարդատերն այս մասին ասել է արտահոսքի շուրջ սկանդալի պատճառով Կոնգրեսում ցուցմունք տալու ժամանակ:

Կոնգրեսական Աննա Էշուն Ցուկերբերգից հետաքրքրվել է, թե արդյոք նրա անձնական տվյալները ևս հայտնվել են Cambridge Analytica-ի մոտ:

«Ձեր տվյալները ներառվե՞լ են այն տվյալների ցանկում, որոնք հետագայում վաճառվել են երրորդ կողմին: Խոսքս Ձեր անձնական տվյալների մասին է»,-ասել է Էշուն:

«Այո՛»,-հստակ պատասխանել է Ցուկերբերգը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Cambridge Analytica-ն thisisyourdigitallife հավելվածի միջոցով հավաքել է ոչինչ չկասկածող օգտատերերի անձնական տվյալները: Սակայն Ցուկերբերգի դեպքում հայտնի չէ, թե տվյալների արտահոսքն ինչպես է տեղի ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Cambridge Analytica-ն 2016թ. համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ ու ստացած տվյալները փոխանցել նրան:

Հայտնի է, որ Ցուկերբերգը կատարվածի համար ներողություն է խնդրել ու պատասխանատվությունը վերցրել իր վրա:

Ցուկերբերգը խոստովանել է, որ իր ֆեյսբուքյան տվյալները նույնպես հայտնվել են Cambridge Analytica-ի մոտ