Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի և Google-ի մոտ 16 միլիոն IP հասցե

17:21 • 17.04.18

Ռուսաստանի արգելված կայքերի ցանկում է ներառվել խոշոր հոսթինգ-պրովայդերների՝ Amazon-ի և Google-ի 15,8 միլիոն IP հասցե: Այդ մասին են վկայում 2018.schors.spb.ru կայքի տվյալները, որի հեղինակները հետևում են ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության «սև ցուցակի» համալրմանը, գրում է meduza.io-ն:

Ծառայությունը սկսել է զանգվածային կերպով ավելացնել Amazon-ի և Google-ի IP հասցեներն ապրիլի 16-ի երեկոյան: Դա արվում է՝ փորձելով սահմանափակել Telegram մեսենջերի հասանելիությունը, որն օգտագործում է խոշոր ծառայությունների ենթակառուցվածքները՝ արգելափակումը շրջանցելու համար:

Մեսենջերի արգելափակումը սկսվել է ապրիիլ 16-ին՝ ապրիլի 13-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ:

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Հայցը ներկայացվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիները փոխանցել հրաժարվելու առնչությամբ: Դատարանը թույլ է տվել անմիջապես արգելափակել Telegram-ը՝ չսպասելով բողոքարկման վերաբերյալ որոշմանը:

Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի և Google-ի մոտ 16 միլիոն IP հասցե