ԱՄԷ-ի ավելի քան 4.000 քաղաքացի հայտ է ներկայացրել՝ երկրի առաջին տիեզերագնացը դառնալու համար
Արաբական Միացյալ Էմիրությունների ավելի քան 4.000 քաղաքացի ցանկություն է հայտնել դառնալ երկրի առաջին տիեզերագնացը, գրում է National թերթը՝ Mohammed bin Rashid Space Centre տիեզերական կենտրոնին հղումով։
Տիեզերագնացների ընտրության ծրագիրը թողարկվել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Հայտերի ընդունումն ավարտվել է անցյալ ամսվա վերջին։
«Ստացվել է 4.022 հայտ՝ 17-67 տարեկան բնակիչների կողմից, որոնք ներկայացնում են 38 տարբեր գործունեության ոլորտ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր 3-րդը կին է»,- հայտնել են կենտրոնից։
Հատուկ հանձնաժողովը կպատրաստի թեկնածուների կարճ անվանացանկը, ինչից հետո կսկսվի ընտրության հաջորդ փուլը, որը ենթադրում է հարցազրույցներ, բժշկական ու հոգեբանական թեստեր։
Արդյունքում կընտրվի 4 մարդ, որոնք մինչև տարեվերջ պետք է պաշտոնապես դառնան տիեզերագնացներ, իսկ արդեն հաջորդ տարի սկսեն նախապատրաստությունը։ Դա կտևի 2 տարի։
Սպասվում է, որ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացը տիեզերք կթռչի 2021 թվականին։










