Ռուս օգտատերերը Google Maps-ում «Ռոսկոմնադզոր»-ն անվանափոխել են ու դարձրել «Ռոսկոմպոզոր»

15:31 • 20.04.18

Ռուս օգտատերերը հարձակում են գործել Google Maps ծառայության վրա՝ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության մասին տեղեկությունը փոխելու նպատակով, հայտնում է meduza.io-ն: Նրանց հաջողվել է գերատեսչության անվանումը փոխել «Ռոսկոմպոզոր»-ի: Աշխատանքային ժամերի տեղում նրանք նշել են՝ «Փակ է ընդմիշտ»:

Օգտատերերը նաև փոխել են հաստատության կատեգորիան՝ դարձնելով այն «գեյ-բար» և «հոգենյարդաբանական դիսպանսեր»: Ուրբաթ առավոտյան «Ռոսկոմնադզոր»-ի տվյալները կրկին փոխվել են, և այն նշվել է որպես «պետական հաստատություն»:

Օգտատերերը նաև «Ռոսկոմնադզոր»-ին տասնյակ բացասական արձագանքներ են թողել, ինչի պատճառով դրա վարկանիշը 5-ից հասել է 1,2-ի:

Ավելի վաղ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Հայցը ներկայացվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիները փոխանցել հրաժարվելու առնչությամբ: Դատարանը թույլ է տվել անմիջապես արգելափակել Telegram-ը ՌԴ տարածքում՝ չսպասելով բողոքարկման վերաբերյալ որոշմանը:

Ռուս օգտատերերը Google Maps-ում «Ռոսկոմնադզոր»-ն անվանափոխել են ու դարձրել «Ռոսկոմպոզոր»