Ռուսաստանում մասամբ խափանվել է YouTube-ի աշխատանքը
YouTube ժամանցային կայքի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են տեսահոսթինգի աշխատանքի խափանման մասին, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ խնդիրներն առաջացել են ապրիլի 23-ի առավոտից:
DownDetector կայքի տվյալների համաձայն՝ YouTube-ի աշխատանքում խափանումները զգացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Վոլգոգրադում, Կազանում, Իժևսկում, Կալուգայում ու այլ քաղաքներում:
Նշվում է, որ YouTube-ի աշխատանքի հետ կապված խափանումները տեղի են ունեցել միայն Ռուսաստանում: Օգտատերերը նշում են, որ կայքն առավել հաճախ չի բացվում Chrome և Opera դիտարկիչներով:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք սա որևէ կապ ունի «Ռոսկոմնադզոր»-ի կողմից IP հասցեների զանգվածային արգելափակման հետ: Նշվում է, որ այժմ «Ռոսկոմնադզոր»-ը փորձում է գտնել ալիքներ, որոնց միջոցով Telegram մեսենջերը կարողանում է հասանելի մնալ Ռուսաստանում:
Հայտնի է, որ ավելի վաղ ՌԴ իշխանությունները պաշտոնապես արգելափակել էին Telegram-ը:










