«Իմ տատիկը, իմ պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել, պարո՛ն նախագահ, իմ տատիկն ու պապիկը զինվորներ չէին». Փայլանը՝ Էրդողանին

16:47 • 24.04.18

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հատուկ ասուլիս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան էջից, որով հեռարձակվում է ասուլիսը, հայազգի պատգամավորն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին և ճիշտ անունով կոչի տեղի ունեցածը՝ ներկայում և ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

«1915 թվականին այս օրը՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայ մտավորականներ ու գործիչներ ձերբակալվել և ուղարկվել են մահվան: Ես 2016 թվականի նոյեմբերի 4-ին նույն զգացումներն ունեցա, երբ Թուրքիայում ձերբակալվեցին իմ կուսակից մի շարք պատգամավորներ: Ապրիլի 24-ին սպանվածներից Գրիգոր Զոհրապն էլ էր Մեջլիսի պատգամավոր: Եվ երբ 2016-ի նոյեմբերին ձերբակալվեց Սելահաթթին Դեմիրթաշը՝ ես նույն բանն էի զգում»,- ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանին հղած ցավակցական ուղերձին:

«Հարգելի նախագահն արդեն 4-րդ տարին է՝ ցավակցական ուղերձ է հղում հայ ժողովրդին: Իսկապես շնորհակալ եմ նրան դրա համար, դա ցավը մեղմող հանգամանք է, իրոք շնորհակալությունս եմ հայտնում, դա քաջություն պահանջող քայլ է: Սակայն այստեղ պարոն նախագահը տեղի ունեցածն իր անունով չի կոչում: Տեսեք՝ ասվում է «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի …»: Բայց իմ տատիկը, իմ պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել, պարո՛ն նախագահ: Իմ տատիկն ու պապիկը զինվորներ չէին, նրանք (նկատի ունի հայ խաղաղ բնակիչներին-Tert.am) արհեստավոր էին, այգեգործներ, գյուղացիներ, ծերեր ու երեխաներ», - ասել է Փայլանը: