Եվրոպայում WhatsApp-ի օգտատերերի նվազագույն տարիքային շեմը կբարձրացվի մինչև 16 տարեկան
Աշխարհի խոշորագույն սոցկայքին՝ Facebook-ին, պատկանող WhatsApp հաղորդագրային հավելվածը բարձրացնում է Եվրոպայում օգտատերերի նվազագույն տարիքային շեմը՝ այն 13-ից հասցնելով 16 տարեկանի:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշումը կայացվել է Եվրամիության՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նոր օրենքները չխախտելու համար:
Ավելի քան 1.5 մլրդ օգտատեր ունեցող հավելվածը ԵՄ-ի 28 անդամ պետություններում օգտատերերին կխնդրի հաստատել, որ իրենք 16 տարեկանից բարձր են: Այնուհանդերձ՝ դեռևս հայտնի չէ՝ ինչպես է WhatsApp-ը ստուգելու օգտատերերի իրական տարիքը:
Ինչ վերաբերում է ԵՄ սահմաններից դուրս երկրներին, ապա դրանց համար հավելվածից օգտվելու համար տարիքային շեմը կշարունակի նույնը մնալ՝ 13 տարեկան:
Հայտնի է, որ 2009թ. ստեղծված WhatsApp-ը, որը 2014 թ. 19 մլրդ դոլարով ձեռք էր բերել Facebook-ը, ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է օգտատերերի անձնական տվյալներով կիսվել Facebook-ի հետ:










