ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
ԱՄՆ ռազմաօդային ուժերն անցկացրել են Minuteman III բալիստիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությանը:
Դրանք այս տարվա ընթացքում նմանատիպ առաջին փորձարկումներն են, նախորդներն անցկացվել են անցած տարվա օգոստոսին: Ի սկզբանե փորձարկումները նախատեսված էին փետրվարի համար, բայց հետաձգվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված հրթիռը չի ունեցել մարտական մաս: Փորձարկումները կայացած են ճանաչվել, հրթիռը խոցել է թիրախը:
Նշվում է նաև, որ հրթիռն արձակվել է Կալիֆորնիայի հարավում գտնվող Վանդեներգ բազայից:










