ՆԱՍԱ-ի ինժեներներն ավարտել են տիեզերական միջուկային ռեակտորի փորձարկումները
ՆԱՍԱ-ի Հետազոտական կենտրոնի գիտնականներն ու ինժեներներն ավարտել են 10 կիլովատտ հզորությամբ շարժական միջուկային ռեակտորի փորձարկումները, որը կարելի է օգտագործել տիեզերքում կամ այլ մոլորակների վրա: Այս մասին հայտնում է Space.com-ը:
«Մենք առաջին ամերիկացիներն ենք, ում վերջին 40 տարում հաջողվել է ստեղծել և փորձարկել նոր տեսակի միջուկային ռեակտորի աշխատանքը: Ի տարբերություն ռադիոիզոտոպային աղբյուրների՝ նման հոսանքի գեներատորի հզորությունը կարելի է բարձրացնել կամ ցածրացնել, ինչը թույլ կտա երկարաձգել աշխատանքի ժամկետներն ու թույլ կտա մեծ քանակությամբ էներգիա արտադրել», - ասել է Kilopower նախագծի առաջատար ինժեներ Մարկ Գիբսոնը:
Վերջին տարիներին ՆԱՍԱ-ի և այլ տիեզերական գործակալությունների ինժեներներն ու գիտնականներն ակտիվորեն քննարկում են Մարսի և Լուսնի մակերեսին մշտական բնակելի բազաների կառուցման ծրագրերը:
Դրանց ինքնավարության ապահովման և կառուցման աշխատանքների մատչելիության հիմնական բանալին ՆԱՍԱ-ի մասնագետները համարում են եռաչափ տպագրության տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ջուրն ու տեղի ռեսուրսները՝ հողը, լեռնային ապարները և մթնոլորտի գազերը, օգտագործել հենց տեղում բազաների կառուցման համար:









