Facebook-ը կարող է սեփական թվային արժույթը ստեղծել. լրատվամիջոցներ
Facebook ընկերությունը դիտարկում է սեփական թվային արժույթի ստեղծման հնարավորությունը, որը թույլ կտա սոցցանցի օգտատերերին էլեկտրոնային վճարումներ իրականացնել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Cheddar հեռուստաալիքի աղբյուրներից մեկի համաձայն՝ ընկերության ղեկավարությունը լուրջ է տրամադրված խնդրի հարցում, որի իրագործումը հավանաբար տարիներ կպահանջի: Աղբյուրները պնդում են, որ ընկերությունը մտադիր չէ ներդրումներ գրավել արժույթի վերավաճառքի միջոցով և փորձում է շատ չտարածել նախաձեռնության մասին տեղեկությունն իր աշխատակիցների շրջանում:
Սոցիալական ցանցը մոտ մեկ տարի առաջ անցել է բլոքչեյն-տեխնոլոգիաների ուսումնասիրությանը, սակայն ավելի վաղ հետազոտության վրա աշխատել է մեկ աշխատակից: Այս շաբաթ Facebook Messenger-ի փոխնախագահ Դևիդ Մարկուսը հայտարարել է, որ կգլխավորի տեխնոլոգիաների ուսումնասիրման «փոքր թիմ»՝ առանց տեղեկություն տրամադրելու որևէ ապագա նախագծերի մասին: Հեռուստաալիքն այդ առնչությամբ նշում է, որ ավելի վաղ Մարկուսը գլխավորել է PayPal վճարային համակարգը և բիթքոին թվային արժույթի ներդրողներից մեկն է:










