ՆԱՍԱ-ի միջմոլորակային նանոարբանյակները ստացել են Երկրի լուսանկարները (լուսանկար)

15:05 • 16.05.18

MarCo մարսիական զոնդերը (կայանները), որոնք վերջերս են ուղարկվել տիեզերք, դարձել են առաջին նանոարբանյակները, որոնց հաջողվել է ստանալ Երկրի լուսանկարները միջմոլորակային տարածությունից: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում:

Ինչպես նշել է ՆԱՍԱ-ում MarCO առաքելության ղեկավար Էնդի Քլեշը, նանոարբանյակները դեռ երբեք այդքան հեռու չեն գնացել բաց տիեզերքում, և նրանց համար սա մի հսկայական ցատկ է դեպի առաջ:

Նրա խոսքով՝ երկու զոնդերը գտնվում են լավ վիճակում և նորմալ են աշխատում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ CubeSat համակարգի երկու արբանյակները, որոնք ՆԱՍԱ-ի մասնագետներն անվանել են Mars Cube One (MarCO), բաց են թողնվել միջմոլորակային տարածություն մայիսի սկզբին՝ նույն Atlas V հրթիռով, որը տարել է InSight ավտոմատ կայանը դեպի Մարս:

«РИА Новости»-ն գրում է, որ ՆԱՍԱ-ն ստեղծել է այս նանոարբանյակները մի պարզ, բայց շատ հետաքրքիր առաջադրանքի համար. դրանք կօգնեն տիեզերական գործակալության ինժեներներին պահպանել InSight-ի կապը Երկրի հետ՝ Մարսի վրա վայրէջք կատարելու ժամանակ, և թույլ կտան հանդիսատեսին տեսնել այդ գործընթացն «ուղիղ եթերում»:

 



Լուսին, Երկիր

ՆԱՍԱ-ի միջմոլորակային նանոարբանյակները ստացել են Երկրի լուսանկարները (լուսանկար)