ԱՄՆ-ում անհանգստացած են Ռուսաստանի նորագույն գերձայնային զենքի առնչությամբ. CNBC
Ռուսաստանի նորագույն գերձայնային զենքը, որը կարող է հեշտությամբ շրջանցել ԱՄՆ ՀՕՊ համակարգը, մարտական պատրաստության կբերվի մինչև 2020 թվականը: Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրների:
Նշվում է, որ խոսքն «Ավանգարդ» համակարգի մասին է: Հեռուստաալիքի զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվան 2016 թվականին երկու անգամ նոր զենքի բարեհաջող փորձարկում է իրականացրել, իսկ երրորդ փորձարկումը տեղի է ունեցել 2017 թվականին, սակայն սարքը կործանվել է՝ չհասնելով թիրախին:
Այնուամենայնիվ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, հակահրթիռային պաշտպանության ոլորտի փորձագետ Թոմաս Կարակոն հայտարարել է, որ ամերիկյան ՀՕՊ-ը չի կարող դիմակայել «Ավանգարդ»-ին, և կոչ է արել փոխել հակահրթիռային պաշտպանության ռազմավարությունը:
«Չի կարելի վաղվան հետաձգել հակահրթիռային պաշտպանության ռազմավարության փոփոխությունը: Ցավալի է, որ մենք Ռուսաստանին թույլ ենք տվել այդքան հեռուն գնալ»,- հայտարարել է նա:
Կայքը հիշեցնում է, որ մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ռուսական սպառազինության նորագույն տեսակներ, որոնք համարժեքը չունեն աշխարհում: Ռուսաստանի նախագահի ելույթի ժամանակ ցուցադրվել են «Սարմատ» հրթիռի և «Ավանգարդ» գերձայնային զենքի փորձարկումների կադրերը:









