Թրամփը սահմանափակ գործառույթներով երկու iPhone է օգտագործում. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակ գործառույթներով առնվազն երկու հատուկ iPhone է օգտագործում. մեկը՝ նորություններ կարդալու և Twitter-ում հրապարակումներ անելու, մյուսը՝ միայն խոսակցությունների համար: Այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:
«Հեռախոսները, մեկը՝ միայն զանգեր անելու հնարավորությամբ, մյուսը՝ միայն Twitter հավելվածով և լրատվական մի շարք կայքերի հասանելիությամբ, տրամադրվել են Սպիտակ տան տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի և Սպիտակ տան կապի գործակալության կողմից, որտեղ աշխատում են Սպիտակ տան հեռահաղորդակցության համար պատասխանատու զինվորականներ»,- գրում է պարբերականը:
Չնայած նրան, որ օգնականները խորհուրդ են տվել ամիսը մեկ փոխել Twitter-ի համար նախատեսված հեռախոսը, Թրամփը հրաժարվում է դա անել՝ պարզաբանելով, թե դա «շատ անհարմար» է: Անվտանգության փորձագետները չեն ստուգել նախագահի հեռախոսը հինգ ամիս, պնդում են պարբերականի աղբյուրները:
Ընդ որում՝ նրանք չեն հստակեցնում, թե ինչպես է Թրամփն օգտագործում զանգերի համար տրամադրված հեռախոսը: Հաղորդվում է, որ օրինակ՝ Բարաք Օբաման իր հեռախոսները փոխանցում էր ստուգման յուրաքանչյուր 30 օրը մեկ:
Պարբերականի մեկ այլ աղբյուր վստահեցրել է, որ զանգերի համար նախատեսված հեռախոսները պարբերաբար փոխվում են:









