Facebook-ը 180 մլն կեղծ օգտահաշիվ է ջնջել. Ցուկերբերգը Բրյուսելում պատասխանել է եվրախորհրդարանականների հարցերին
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Բրյուսելում ներողություն է խնդրել ԵՄ օրենսդիրներից՝ ասելով, որ ընկերությունը բավականաչափ քայլեր չի ձեռնարկել սոցիալական ցանցի չարաշահումը կանխելու համար, և նշել է, որ կարգավորումները «կարևոր են և անխուսափելի», հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ այնուամենայնիվ, նա կարողացել է խուսափել բազմաթիվ կոնկրետ հարցերից՝ մասնավորապես թիրախավորված գովազդից հրաժարվելու, Facebook-ի և WhatsApp ծառայության միջև տվյալների փոխանցման, ինչպես նաև ոչ օգտատեր հանդիսացող մարդկանց տվյալները հավաքելուն վերաբերող հարցերից:
Ցուկերբերգը վստահեցրել է ԵՄ օրենսդիրներին, որ մինչև տարեվերջ տասնյակ հազարավոր աշխատակիցներ է ունենալու Եվրոպայի 12 քաղաքներում՝ նշելով, որ արդեն հիմա աշխատակիցների թիվը 7 հազար է: Նա հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ 20 հազարի հասցնել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը:
Նա հայտարարել է, որ Facebook ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակում 180 միլիոն կեղծ օգտահաշիվ է ջնջել:
«Առաջին եռամսյակի ընթացքում մենք ջնջել ենք մոտ 180 միլիոն կեղծ օգտահաշիվ»,- հայտարարել է Ցուկերբերգը՝ պատասխանելով Բրյուսելում Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հարցերին:
Նա նաև վստահեցրել է եվրախորհրդարանականներին, որ հավելվածների հեղինակներն այլևս չեն կարողանա հասանելիություն ստանալ օգտատերերի անձնական տվյալներին, ինչպես դա տեղի է ունեցել բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերության դեպքում և որ ընկերությունն ուսումնասիրում է այլ հավելվածներ, որոնք կարող են նույն հնարավորություններն ունենալ:
Եվրախորհրդարանը հրավիրել էր Ցուկերբերգին Բրյուսել, որպեսզի նա անձամբ պատասխաներ խմբակցությունների ղեկավարների հարցերին՝ Facebook-ից Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասշտաբների հետաքննության առնչությամբ, որը սկսվել է Cambridge Analytica բրիտանական մարքեթինգային ընկերության գործունեության շուրջ ստեղծված սկանդալից հետո:









