Ընկճախտն արագացնում է գլխուղեղի ծերացումը. հետազոտություն
Ընկճախտն արագացնում է գլխուղեղի ծերացումը և կոգնիտիվ գործառույթների խաթարումը: Այս հետևությանն են եկել Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի հոգեբանները: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում:
Հոգեբանները վերլուծել են 34 երկարատև հետազոտություն, որոնք նվիրված են ժամանակի ընթացքում ընկճախտի և անհանգստության ու կոգնիտիվ գործառույթների փոփոխության միջև կապին: Ընդհանուր առմամբ, գիտնականներն ընկճախտից տառապող 71 հազար մարդու մասին տվյալներ են հավաքել՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետազոտության տարեց մասնակիցներին:
Պարզվել է, որ ընկճախտից տառապող մարդկանց մոտ ավելի վաղ է վատթարանում հիշողությունը, դանդաղանում տեղեկությունները մշակելու արագությունը և կատարողական գործառույթները, օրինակ՝ որոշումներ կայացնելը:
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ ընկճախտը շատ տարածված հոգեկան խանգարում է. Մեծ Բրիտանիայում դեպրեսիվ ախտանշաններ ունեցել է յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը:
Գիտնականները խորհուրդ են տալիս ընկճախտից տառապող մարդկանց չհուսահատվել ու ավելի մեծ ուշադրություն դարձնել ճանաչողական գործառույթների խաթարման կանխարգելմանը՝ զբաղվել ֆիզիկական վարժություններով, հետևել ուշադրության կենտրոնացմանը և ընդունել բժշկի նշանակած դեղորայքը:










