Ռուսաստանում «թռչող ամենագնացի» առաջին թռիչքը կարող է իրականացվել 2022 թվականին
Գերկարճ թռիչքով ու վայրէջքով «թռչող ամենագնացի» առաջին թռիչքը Ռուսաստանում նախատեսված է 2022 թվականին: «Թռչող ամենագնացը» կարող է կիրառվել ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից: Այս մասին «РИА Новости» գործակալությանը տեղեկացրել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամը (ՀՀՀ):
Նշվում է, որ սարքի նախագիծը մշակել են Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամը և Իստրա քաղաքում տեղակայված «ՊրոմՍերվիս» ընկերությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «թռչող ամենագնացի» թռիչքի հեռավորությունը կլինի 1000 կմ, առավելագույն արագությունը՝ 315 կմ/ժ, և այն կկարողանա մինչև 500 կգ բեռ տեղափոխել:
«Ինքնաթիռի կառավարումը կարող է իրականացվել թե՛ օպերատորի կողմից, թե՛ ինքնավար ռեժիմով: Ընդ որում՝ օպերատորը չպետք է հատուկ օդաչուական հմտությունների տիրապետի», - պարզաբանել են հիմնադրամում:
Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ երկրի պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված գիտական հետազոտություններին աջակցելու համար:









