Բրիտանացի գիտնականը ստեղծել է ֆիլմ, որը փոխում է իր սյուժեն՝ հարմարվելով հանդիսատեսի հետաքրքրությանը (տեսանյութ)

17:25 • 30.05.18

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնական Ռիչարդ Ռամչերնը ֆիլմ է ստեղծել, որը փոխում է իր սյուժեն՝ հարմարվելով հանդիսատեսի արտահայտած հետաքրքրությանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմի իրադարձությունների զարգացումները կառավարում է ծրագիրը, որ հատուկ սարքավորումների միջոցով գլխուղեղի ակտիվությունը վերլուծող ազդանշաններ է ստանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ The Moment կոչվող ֆիլմի տևողությունը 27 րոպե է: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հակաուտոպիական ապագայում, որտեղ արհեստական բանականությունը դառնում է մարդկության համար գլխավոր վտանգը:

Ռամչերնի խոսքով՝ սարքավորումը կարդում է գլխուղեղի նեյրոնների իմպուլսների առաջացրած էլեկտրական ազդանշանները:

«Սրանից մենք տեղեկություններ ենք ստանում հանդիսատեսի ուշադրության մասին, որը Bluetooth-ի միջոցով փոխանցվում է համակարգչին: Այնտեղ իմ ստեղծած համակարգը սյուժեի զարգացման տարբեր տարբերակներ է ընտրում՝ կախված ուշադրության տատանումներից»,- բացատրել է Ռամչերնը:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 7-ին` Շեֆֆիլդի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում: Այնուհետև ֆիլմը շարժական կինոթատրոններով «կճանապարհորդի» Մեծ Բրիտանիայով՝ թույլ տալով հանդիսատեսին դիտել և կառավարել սյուժեն:

 

 

 

Բրիտանացի գիտնականը ստեղծել է ֆիլմ, որը փոխում է իր սյուժեն՝ հարմարվելով հանդիսատեսի հետաքրքրությանը (տեսանյութ)