Canon-ը դադարեցրել է EOS-1V ժապավենային լուսանկարչական սարքերի իրացումը
Ճապոնական Canon ընկերությունը դադարեցրել է իր վերջին ժապավենային լուսանկարչական ապարատի (EOS-1V) իրացումը: Այս մասին հայտնում է Sankei-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մոդելի թողարկումը պաշտոնապես դադարեցվել է 2010 թվականին, և այդ պահից ի վեր ընկերությունը վաճառել է պահեստներում մնացած ապրանքը:
Չնայած մոդելը հեռացվել է տեսականուց, Canon-ը կշարունակի այս սարքերի սպասարկումը մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը: Ընդ որում՝ ընկերությունը կարող է մերժել նորոգել լուսանկարչական ապարատն արդեն 2020 թվականին, եթե վերջանան անհրաժեշտ պահեստամասերը:
Canon-ը ստեղծվել է 1937 թվականին՝ Precision Optical Instruments անվանումով: Ընկերության առաջին մոդելն էր գերմանական Leica-ի «պատճենը»՝ The Kwanon-ը:









