Դեռահասները լքում են Facebook-ը` հօգուտ այլ սոցկայքերի. հետազոտություն

17:15 • 02.06.18

Ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դեռահասները զանգվածաբար լքում են աշխարհի խոշորագույն սոցկայքը՝  Facebook-ը:

Ինչպես նշում է The Guardian-ը, դա պայմանավորված է այլ սոցկայքերի՝ Instagram-ի ու Snapchat-ի տարածմամբ:

Հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող և հարցմանը մասնակցած 13-17 տարեկանների միայն 51%-ն է նշել, որ կանոնավոր օգտվում է Facebook-ից: Մինչդեռ նույն կենտրոնի նմանատիպ նախկին հետազոտության (2015թ.) արդյունքները ցույց էին տվել, որ այս տարիքային խմբի 71%-ն էր օգտվում Facebook-ից:

Pew Research Center-ի մասնագետների խոսքով՝ հարցվածների 85%-ն ասել է, որ նախընտրում է  օգտվել YouTube-ից, 72%-ը՝ Instagram-ից, 69%-ը՝ Snapchat-ից: Մինչդեռ 2015թ. անցկացված հետազոտության ժամանակ այս կայքերի տարածվածությունը դեռահասների շրջանում զգալի քիչ էր:

Հատկանշական է, որ այս կամ այն սոցկայքից օգտվելու փաստը պայմանավորված է սեռով ու էթնիկ ծագմամբ: Օրինակ՝ աղջիկների 42%-ը նախընտրում է Snapchat-ը, տղաների 39%-ը՝ YouTube-ը: Սևամորթ դեռահասներն ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook-ին, իսկ սպիտակամորթները՝ Snapchat-ին:

 

 

Դեռահասները լքում են Facebook-ը` հօգուտ այլ սոցկայքերի. հետազոտություն