Facebook-ը կիսվում է օգտատերերի տվյալներով սմարթֆոն արտադրող ընկերությունների հետ. NYT
Ամերիկյան Facebook ընկերությունը սմարթֆոն և այլ էլեկտրոնային սարքեր արտադրող խոշոր ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրում: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ սոցիալական ցանցը վերջին տասը տարվա ընթացքում բազմաթիվ համաձայնագրեր է կնքել էլեկտրոնային սարքերի խոշոր արտադրողների հետ, այդ թվում՝ Apple-ի, Amazon-ի, BlackBerry-ի, Microsoft-ի և Samsung-ի հետ, որոնք թույլ են տալիս ընկերություններին ստանալ Facebook-ի օգտատերերի տվյալները:
Ինչպես նշվում է՝ այդ համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության կանոնների պահպանումը:
Ընդ որում, փորձագետների կարծիքով, սմարթֆոններ արտադրողները ստացել են ոչ միայն Facebook-ի օգտատերերի, այլև նրանց ընկերների տվյալները:









