Գիտնականները պատմել են՝ ինչ տեղի կունենա մարդու հետ լավայի մեջ ընկնելու դեպքում

14:22 • 05.06.18

Ամերիկացի գիտնականները պատմել են՝ ինչ տեղի կունենա ժայթքող հրաբխի լավայի մեջ ընկած մարդու մարմնի հետ: Գիտնականների մեկնաբանություններին անդրադարձել է The Verge պորտալը:

ԱՄՆ-ի Դենիսոնի համալսարանի երկրաբան Էրիկ Կլեմետիի խոսքով՝ հրաբխի շիկացած լեռնային ապարների ջերմաստիճանը կարող է հասնել ավելի քան հազար աստիճանի:

ԱՄՆ երկրաբանական ծառայությանը կից հրաբուխների ուսումնասիրության կենտրոնի քիմիկոս Դևիդ Դեմբին պարզաբանել է, որ այս ջերմաստիճանի հեղուկի մեջ ձեռքն ընկղմելու դեպքում մարդն անմիջապես չի մահանա, սակայն ուժեղ ու ցավոտ այրվածքներ կստանա:

Դեմբին նաև ասել է, որ այս ջերմաստիճանի ազդեցությունը «կոչնչացնի նյարդային վերջավորությունները և ենթամաշկային ճարպը»:

Նշվում է, որ լավայի մեջ ընկնելու ժամանակ օրգանիզմի հետ նաև այլ գործընթացներ են տեղի ունենում. հրաբխի տապը կարող է այրել թոքերը, հանգեցնել մյուս ներքին օրգանների աշխատանքի դադարեցմանն ու գիտակցության կորստին:

«Հավանաբար, մարմնի հեղուկը կսկսի եռալ՝ վերածվելով գոլորշու, մինչ լավան կհալեցնի մարմինը դրսից», - պատմել է Դեմբին:

Ընդ որում, գիտնականների խոսքով, լավայի մածուցիկության պատճառով մարդը չի կարող սուզվել շիկացած լեռնային ապարների մեջ:

«Այս կերպ, դուք կգտնվեք լավայի հոսքի վերևում», - պարզաբանել է Կոնկորդի համալսարանի հրաբխագետ Ջանին Կրիպները:

Գիտնականները պատմել են՝ ինչ տեղի կունենա մարդու հետ լավայի մեջ ընկնելու դեպքում