Չինաստանում երկու անիվով ավտոմեքենա-մոտոցիկլ է թողարկվել (լուսանկարներ)
Չինական Beijing Lingyun Intelligent Technology Co. ստարտափը ինքնակառավարվող հավասարակշռման համակարգով երկու անիվով ավտոմեքենա է փորձարկում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ Lingyun 1703 կոչվող ավտոմեքենան աշխատում է էլեկտրաքարշակ համակարգով: Այն զրկված է ղեկից ու ոտնակներից. սա ինքնավար փոխադրամիջոց է:
Հատկանշական է, որ նորույթը հիշեցնում է ավտոմեքենա ու մոտոցիկլ. այն ամբողջությամբ փակ թափք ունի, ինչպես նաև՝ երկու կողային դուռ և երկու անիվ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի երկարությունը երեք մետր է, լայնությունը՝ մեկ մետր:
Lingyun 1703-ը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել ու մոտ հարյուր կմ անցնել մարտկոցի մեկ լիցքավորումով:












