Nissan-ը կհրաժարվի դիզելային շարժիչներից
Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը մտադիր է դադարեցնել դիզելային շարժիչների արտադրությունը և կենտրոնանալ էլեկտրական շարժիչների վրա: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ը:
Nissan-ի ղեկավարության կարծիքով՝ դիզելային ավտոմեքենաների պահանջարկը կնվազի բոլոր շուկաներում, մանավանդ՝ հաշվի առնելով եվրոպական երկրների՝ «ծանր վառելիքով» աշխատող ավտոմեքենաների տեղաշարժման սահմանափակումները խոշոր քաղաքների կենտրոնում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև 2020 թվականը Nissan-ն ամբողջությամբ կհրաժարվի դիզելից: Այս ընթացքում կդադարեցվի նաև այսպիսի շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը Եվրոպայում (Ճապոնիայում ու ԱՄՆ-ում դրանք այլևս անհնար է ձեռք բերել):
Բացառություն կդառնա միայն կոմերցիոն տրանսպորտը, որը կշարունակեն համալրել դիզելային շարժիչներով, սակայն ձեռք կբերեն դրանք այլ արտադրողներից:
Հատկանշական է, որ ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը նույնպես մտադիր է մոտ ապագայում դադարեցնել դիզելային ագրեգատների արտադրությունը:
Ավելի վաղ դիզելային շարժիչների արտադրությունը դադարեցնելու մասին հայտնել է շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը:









