Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Facebook-ի և Google-ի դեմ
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆերգյուսոնը հայց է ներկայացրել Facebook և Google ընկերությունների դեմ՝ քաղաքական գովազդի մասին գործով: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է rbc.ru-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, երկու ընկերությունները 2013 թվականից ի վեր տեղեկություն չեն ներկայացրել քաղաքական գովազդի պատվիրատուների մասին, ինչպես դա պահանջում են Վաշինգտոն նահանգի օրենքները: Միևնույն ժամանակ, քաղաքական պաշտոնների թեկնածուները հաշվետվություն են ներկայացրել Facebook-ում 3,4 միլիոն դոլարի և Google-ում 1,5 միլիոն դոլարի պատվիրված քաղաքական գովազդի մասին:
«Նման տեղեկությունները բացահայտելու մասին Վաշինգտոն նահանգի օրենքները վերաբերում են բոլորին՝ փոքր թերթից մինչև խոշոր կորպորացիա: Նահանգի բնակիչներն իրավունք ունեն իմանալու՝ ով է վճարում քաղաքական գովազդի համար, որը նրանք տեսնում են»,- ասել է նահանգի գլխավոր դատախազը:
Վաշինգտոն նահանգում Facebook-ում և Google-ում քաղաքական գովազդի գնման հետ կապված տվյալները թաքցնելու մասին գործը հարուցվել է ապրիլին՝ նահանգի մի խումբ բնակիչների ներկայացրած բողոքից հետո:









