Instagram-ը կարող է օգտատերերին թույլ տալ մինչև 1 ժամ տևողությամբ տեսանյութեր հրապարակել. WSJ
Աշխարհում ամենաշատ պահանջարկ ունեցող սոցկայքերից մեկը՝ Instagram-ը, որն օգտատերերին թույլ է տալիս միայն կարճ տեսանյութեր հրապարակել, պատրաստվում է նորարարություններ անել՝ թույլ տալով մինչև մեկ ժամ տևողությամբ տեսանյութերի հրապարակում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Հայտնի է, որ ներկայում ինստագրամյան օգտատերերը կարող են մինչև մեկ րոպեանոց տեսանյութ հրապարակել:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Instagram-ի ներկայացուցիչները քննարկել են տեսանյութերի տևողությունը զգալի երկարացնելու հարցը: Եթե որոշումը կյանքի կոչվի, ապա օգտատերերը պետք է օգտվեն Instagram-ի հատուկ հավելվածից:
Չի բացառվում, որ երկար տեսանյութերի հրապարակման հնարավորությունը դիտարկվում է գովազդային նկատառումներով:
Հիշեցնենք, որ Instagram-ը ստեղծվել է 2010թ.՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Քևին Սիսթրոմի ու Մայք Կրեյգերի կողմից: Ի սկզբանե այն ստեղծվել է որպես iPhone սմարթֆոնի հավելված, սակայն լուսանկարների համար նախատեսված հետաքրքիր ֆիլտրների շնորհիվ այն արագորեն սիրվել է ու տարածվել նաև Android օգտատերերի շրջանում:
2012թ. Facebook ընկերությունն Instagram-ը գնել է 1 մլրդ դոլարով: Այժմ սոցկայքն ունի 800 մլն ակտիվ օգտատեր:









