LG-ն ստիլուս գրիչով նոր շարքի 3 սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)
Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է Q Stylus սմարթֆոնների նոր շարքը՝ ստիլուս գրիչներով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, նոր շարքում 3 գաջեթ է ներառված, որոնք արտաքինից նույն տեսքն ունեն, սակայն տարբերվում են տեխնիկական առանձնահատկություններով: Բոլոր երեք սմարթֆոնները ներկայանում են 6.2 դյույմ անկյունագծային էկրանով՝ 2160×1080 պիքսել կետայնությամբ, ինչպես նաև խոնավությունից և փոշուց պաշտպանիչ հատկությամբ:
Ընկերությունը դեռևս չի հայտնել, թե ինչ պրոցեսոր է ընկած սմարթֆոնների հիմքում: Միևնույն ժամանակ նշվում է, որ օգտագործվել են 1.5 կամ 1.8 ԳԳց հաճախականությամբ ութամիջուկ չիպերը:
Q Stylus մոդելային շարքի կրտսեր տարբերակը համալրվել է 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Հիմնական տեսախցիկի կետայնությունը կազմում է 16 Մպ, իսկ դիմացինինը՝ 8 կամ 5:
Q Stylus Plus տարբերակն համալրվել է 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ և նույն տեսախցիկով:
Q Stylusα ավագ տարբերակը ստացել է նույն հիշողության ծավալը, սակայն հիմնական և դիմացի տեսախցիկի կետայնությունը կազմում է 13 և 5 Մպ՝ համապատասխանաբար: 











