Առանց շարժիչի 30-ամյա սուպերքարը վաճառվել է սարքին տարբերակից երկու անգամ ավելի թանկ գնով (լուսանկարներ)
Բրիտանական Bonhams մասնավոր աճուրդի տունը Գրինվիչի նրբագեղության մրցույթի շրջանակներում վաճառել է 1987 թվականի արտադրության De Tomaso Pantera իտալական սպորտային մեքենան:
Ինչպես գրում է Motor.ru-ն, չնայած շարժիչի և փոխանցման տուփի բացակայությանը՝ մեքենան վաճառել են 226 000 դոլարով: Մինչդեռ սարքին վիճակում գտնվող նույն մոդելը կարելի է գնել 80-160 հազար դոլարով:
Մեքենան պատկանել է լեգենդար ամերիկացի մրցարշավորդ և կոնստրուկտոր Քերոլ Շելբիին, որը կյանքից հեռացել է 2012-ին: Աճուրդի ժամանակ վաճառվել է նրա ավտոմեքենաների մասնավոր հավաքածուն:
Մեքենայի յուրահատկությունն այն է, որ Pantera-ն ժամանակին օգտագործվել է որպես շարժիչակիր տարբեր շարժիչներ փորձարկելու համար:
Pantera կուպեն թողարկվել է 1971-1992 թվականներին De Tomaso ոչ մեծ իտալական ընկերության կողմից, որը պատկանել է գործարար Ալեխանդրո ԴեՏոմասոյին: Ընդհանուր առմամբ, 20 տարում շուրջ 7200 մեքենա է արտադրվել:










