Facebook-ը սխալմամբ հրապարակային է դարձրել 14 միլիոն օգտատերերի անձնական գրառումները
Facebook սոցիալական ցանցը մտադիր է տեղեկացնել 14 միլիոն օգտատիրոջ, որ իրենց որոշ գրառումներ, որոնք նախատեսված էին մարդկանց նեղ շրջանակի համար, հասանելի են դարձել բոլորին: Այդ մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով սոցիալական ցանցի հայտարարությունը:
Նշվում է, որ սխալի պատճառով տվյալների կարգավորումները փոխվել են՝ առանց հեղինակների գիտության:
Բաց հասանելիության մեջ են հայտնվել մայիսի 18-27-ը որոշ օգտատերերի կողմից արված գրառումները: Խնդիրը հայտնաբերվել է մայիսի 22-ին, սակայն այն վերացնելու համար անհրաժեշտ է եղել հինգ օր:
Facebook-ը սկսել է հաղորդագրություններ ուղարկել օգտատերերին, որոնց կարող էր խնդիրը վերաբերել, և ներողություն է խնդրել սխալի համար:









