Summit. ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչը
Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությանը կից Օուք Ռիջ ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են աշխարհում ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին:
Ինչպես նշում է MIT Technology Review-ն, տեխնոլոգիական մեքենան ստացել է Summit անվանումը: Դրա արտադրողականությունը մինչև 200 պետաֆլոպս է, ինչը զգալի գերազանցում է նախքան այս աշխարհում ամենահզոր սուպերհամակարգիչը համարվող չինական Sunway TaihuLight մեքենայի հզորությանը: Այն 60%-ով ավելի արագ է Sunway TaihuLight-ից:
Հետաքրքրական է, որ Summit-ը կարող է մեկ վայրկյանում 200 մլն մլրդ գործողություն կատարել:
Հայտնի է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են նմանատիպ մի քանի սուպերհամակարգիչ ստեղծել՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով 400-600 մլն դոլար:
Նշվում է նաև, որ գիտնականները Summit-ն օգտագործելու են տարբեր հիվանդությունների ծագման աղբյուրի ու դրանց բուժման միջոցների հայտնաբերման, ինչպես նաև կլիմատիկ մոդելավորման ու եղանակի կանխատեսումն առավել հստակ դարձնելու համար:
Աղբյուրը հավելում է, որ տարիներ շարունակ աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչները եղել են Չինաստանում, և տարիների դադարից հետո ԱՄՆ-ն կրկին առաջատարն է:









