Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստանի» համագործակցությամբ սահմանամերձ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

16:02 • 11.06.18

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ բացվեց արդեն 40-րդ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։

Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման և ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։ «Դասավանդի՛ր Հայաստան» և «Արմաթ» կրթական ծրագրերի ու մի շարք ՏՏ ընկերությունների հետ առաջին համագործակցությունը սկսվել է դեռևս հունվար ամսին՝ Արցախի Նորշեն համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորայի հիմնադրմամբ:

Հայաստանի հեռավոր մարզերում նորարարության և բարձր տեխնոլոգիաների կիրառման նպատակին ուղղված համագործակցությունը շարունակվում է նաև այսօր՝ արդեն Բագարանի դպրոցում լաբորատորիա հիմնադրելով: Երկու ընկերություններն այսուհետ կհամագործակցեն «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո:

«Հերթական «Արմաթ» լաբորատորայի բացումն է, բայց այս անգամ ֆորմատը մի քիչ տարբերվում է նրանով, որ մենք այսօր բացումն իրականացնում ենք եռակողմ՝ Ucom, «Դասավանդի՛ր Հայաստան», ԻՏՁՄ համագործակցությամբ: Սա մեզ հնարավորություն է տալիս կենտրոնացնել ուժերը և ավելի արդյունավետ դարձնել դասավանդման պրոցեսը»,- նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերության տնօրենի խոսքով՝ սոցիալական պատասխանատվության առումով ընկերությունը միշտ կարևորել է միջնակարգ կրթության բարելավումը: Նա նշեց, որ Ucom-ը աջակցելու է, որպեսզի նման լաբորատորիաների բացումը շարունակական լինի և Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտները հնարավորություն ունենան իրենց ինժեներական միտքը զարգացնել:

«Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ucom-ը հանդիսանում է Հայաստանում ամենանորարարական ու զարգացող հայկական ընկերությունը։ Այս գնահատականը խիստ պարտավորեցնող է, ահա թե ինչու մենք կարծում ենք, որ միայն կապի հասանելիության և հեռահար ուսուցման պայմաններ ապահովելով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Դպրոցահասակ տարիքից ինժեներական մտքի զարգացմանը նպաստող լաբորատորիաների բացումն առաջին հերթին կրթության ոլորտում նորարարական մոտեցման ջատագովների ձեռքերում է», - ընդգծեց Հայկ Եսայանը:

«Այսօր կրթությունը շարժվում է դեպի նոր հարթություն, այսպես կոչված՝ խնդիրների լուծման, problem-solving հարթություն: Լաբորատորիաներում երեխաները առօրյայում առնչվելու են այդպիսի խնդիրների լուծման և վստահ եմ, որ այդ փորձը, որը նրանք ձեռք են բերելու տվյալ լաբորատորիաներում, ապագայում տարբեր ոլորտներում իրենց պիտանի է լինելու»,- ասաց Ucom-ի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը:

«Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը նշում է, որ իրենց նպատակն է գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար, և այս գործում Ucom ընկերության շնորհիվ հնարավոր է լինում նաև կիրառել նորարարություններ այդ կրթությունն էլ ավելի արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար։

Բագարանի դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Դավիթ Դանիելյանը ասաց, որ ռոբոտաշինության մասին մինչ այս լսել էր միայն հեռուստացույցով:

«Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ էլ նման լաբորատորիա բացվեց: Հիմա ես էլ ռոբոտներ պատրաստելու հնարավորություն կունենամ»,- ասաց աշակերտը:

Երևանում արդեն երկու տարի «Արմաթ» լաբորատորիա հաճախող 12 ամյա Դավիթ Բաղդասարյանը եկել էր սահմանամերձ գյուղ, որպեսզի իր փորձով կիսվեր բագարանցիների հետ:

«Այս երկու տարվա ընթացքում սովորել եմ ստեղծել տարբեր ռոբոտներ՝ սկզբում ծրագրավորումը, հետո ռոբոտաշինությունը: Հիմա ես աշխատում եմ մի ռոբոտի վրա, որը կկարողանա կատարել մարդու ֆունկցիաները՝ տեղափոխել իրեր, խոսել, ինչպես մարդը»,- հայտնեց Դավիթ Բաղդասարյանը:

Ucom ընկերության և ԻՏՁՄ-ի կողմից հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։




 

Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստանի» համագործակցությամբ սահմանամերձ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան